Posted in Մայրենի

Եղիշե Չարենց «Ես իմ անուշ Հայաստանի»

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում:

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև
Ու հնամյա քաղաքների հազարամյա քարն եմ սիրում:

Ուր էլ լինեմ – չեմ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չեմ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրերը մեր,
Ինչքան էլ սուր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր,
Էլի ես որբ ու արնավառ իմ Հայաստան յարն եմ սիրում:

Իմ կարոտած սրտի համար ոչ մի ուրիշ հեքիաթ չկա,
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա,
Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,
Ինչպես անհաս փառքի ճամփա` ես իմ Մասիս սարն եմ սիրում:

Առաջադրանքներ

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր:

 

  1. ողբանվագ, հնամյա, լուսապսակ բառերը բաժանիր բաղադրիչների, յուրաքանչյուրի դիմաց գրիր տեսակը ըստ կազմության:

 

  1. Բանաստեղծությունից դուրս գրիր ածանցավոր բառերը, առանձնացրու ածանցները, ապա այդ ածանցներով կազմիր նոր բառեր:

 

  1. Դուրս գրիր քեզ դուր եկած բառակապակցությունները և բացատրիր:
  2. Ո՞վ է նկարի հեղինակը, ի՞նչ գիտես նրա մասին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *